Պետությունը խաբել է քաղաքացիներին էլեկտրաէներգիայի բարձրացրած սակագնի փոխհատուցման հարցում։ Այս մասին դեկտեմբերի 14-ին ՀՀ խորհրդարանում ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

«Այսօր ես գնացել էի կոմունալ վճարումներ կատարելու, եւ քաղաքացիները բողոքում են, որ Կառավարությունն այլեւս չի փոխհատուցում թանկացած էլեկտրաէներգիայի դիմաց, ինչպես նախկինում խոստացել էր։ Հայաստանում չեն գործում օրենքները, գործում է ապօրինի «ռեկետը», որը պետությունը վտանգի տակ է դնում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան   թանկացել է 6,93 դրամով: Կառավարությունը բնակչության համար ֆինանսավորում է այդ թանկացումը, բայց խոշոր բիզնեսի համար` ոչ: Գնի փոխհատուցման մասին որոշումն ընդունվել էր հասարակական լայն  բողոքից հետո: Փոխհատուցումը կշարունակվի, մինչեւ «Deloitte & Touche CIS» աուդիտորական ընկերությունը պատրաստի իր վերլուծությունը. միջազգային տենդերի արդյունքում ընտրված ընկերությունը պատրաստվում է իր աշխատանքն ավարտել 16 շաբաթում: Եթե աուդիտի արդյունքում թանկացումն արդարացի համարվի, սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով: Հակառակ դեպքում պետությունը միջոցներ ձեռք կառնի  «Հայաստանի Էլցանցերից» հավելյալ գումարը հետ վերցնելու եւ թանկացման համար  մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: