«Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 մլն դրամ գողանալուն օժանդակելու համար 5,5 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առուշանյանը կալանքի բաց ռեժիմի կիրառումից հետո ազատության մեջ պատրաստվում է թեզի պաշտպանությանը, որը կիսատ էր մնացել ձերբակալությունից հետո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտ Առուշանյանը:

«Ասպիրանտուրան ավարտում էր արդեն, մի շաբաթ էր մնացել, որ քննություն հանձներ, ու ձերբակալեցին: Հիմա պատրաստվում է, որ նորից քննություն տա»,- ասաց հայրը՝ նշելով, որ որդին աշխատանքի է անցել, բայց ոչ իր մասնագիտությամբ:

Հիշեցնենք, որ նախագահը օգոստոսին ընդունել էր Աշոտ Առուշանյանի ծնողներին, որոնք պարբերաբար նստացույցեր էին անցկացնում նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով հսկողության տակ վերցնել գործը, քանի որ, նրանց պնդմամբ, Աշոտ Առուշանյանն անմեղ է դատապարտվել:

Հիշեցնենք, որ դատարանը Աշոտ Առուշանյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանը նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:

Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Աշոտ Առուշանյանը մինչեւ օրս պնդում է, որ մեղավոր չէ: Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Վերաքննիչի որոշումը: Առուշանյանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: