Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել է 201 ահազանգ, որոնց քննարկման արդյունքում հարուցվել է 12 քրեական գործ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը:

Թամազյանի խոսքով՝ ստացված 201 հաղորդումներից և հրապարակումներից 124–ը վերաբերում է Երևան քաղաքում, 77-ը՝ մարզերում տեղ գտած ենթադրյալ խախտումներին:

«Քննչական կոմիտեում ստացված հաղորդումների, լրատվամիջոցների հրապարակումների վերլուծությամբ պարզվել է, որ հանրապետությունում ձևավորված 1997 տեղամասերից 1839-ում /92.1%/ անցկացված հանրաքվեի ընթացքում խախտումների մասին որևէ հաղորդում, ահազանգ չի ստացվել: Դեկտեմբերի 13-ի դրությամբ՝ ստացված 201 հաղորդումների, հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է 12 քրեական գործ, իսկ 135-ով՝ մերժվել է քրեական գործի հարուցումը: Ներկա պահին ընթացքի մեջ է գտնվում 49 նյութ»,- ասաց Թամազյանը:

Կոմիտեի նախագահի տեղակալը նշեց, որ 12 քրեական գործերից 8-ը հարուցվել է Երևան քաղաքում տեղ գտած առերևույթ հանցագործությունների փաստերով, 4-ը՝ մարզերում: Նշենք, որ հարուցված քրեական գործերից 10-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն /ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված/, 2-ը՝ ընտրական հանձնաժողովների, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչնդոտելուն: