Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների անունները Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընտրացուցակներում չեն եղել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը:

«Ընթերցողի ահազանգի հիման վրա «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ևս քվեարկել են» հրապարակումը բացարձակ իրականությանը չի համապատասխանում, և դժվար չէր մինչև հրապարակումը ընտրատեղամասում փակցված ցուցակներից ճշտել, որ Ավետիսյանների անուններն այդ ցուցակներից հանված են եղել»,- ասաց Արամ Թամազյանը:

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր. «Խմբագրություն էր զանգել Գյումրիի մեր ընթերցողներից մեկը եւ ասում էր, որ գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլեւ դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության»: