Թափառող շների պատճառով Վանաձորի ծայրամասային Տարոն 4 թաղամասի բնակիչները վախենում են տնից դուրս գալ:
«Ոնց որ գայլերի ոհմակներ լինեն: Ամեն տեղ թափառում են, ամեն օր շան կծելու դեպքեր կան: Դպրոց, մանկապարտեզ վախվխելով են տանում երեխեքին: Էսպես խայտառակ վիճակ չի լինի»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց թաղամասի բնակիչներից 67-ամյա Անուշ Ստեփանյանը:
Նրա խոսքով` թոռիկին տան անդամներն ստիպված են լինում ամեն օր դպրոց ուղեկցել: Ասում է՝ երեք հոգով վառարանի շամփուրները բռնած տանում-բերում են երեխային:
60-ամյա Արեգնազ Ղարաքեշիշյանը թափառող շների հերթական զոհերից է: Շներից մեկը նրա ոտքն այնպես է կծել, որ ստիպված է եղել շաբաթներ շարունակ բուժվել:
«Ցերեկ էր, խանութից գալիս էի, շունը կողքովս անցավ, չպատկերացրի, որ կկծի: Ուշադրություն չդարձրի, անցավ ու հետևից ոտքս բռնեց, արյունլվիկ էր արել: Երկու մեծ ժանիքը ոտքիս մեջ էր խրել,- պատմում է նա,- շատ սարսափելի ա վիճակը: Որ աղբը տանում ես թափես, չես կարում աղբարկղերին մոտիկ գնաս: Դեպի ցելոֆանն են գալիս, շատերը վախից շպրտում են ցելոֆանն ու գնում: Հատկապես առավոտները խումբ կազմած շենքերի շուրջը ֆռֆռում են: Ես վախենում եմ, մթնեց, էլ տնից դուրս չեմ գալիս»:
Անուշ Ստեփանյաննն ասում է, որ դեռ մեկ-երկու ամիս առաջ է այդ խնդրով դիմել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, որը խոստացել է հետևողական լինել խնդրի լուծման հարցում:
«Ասեց` ես կհետևեմ, հասցեն կտամ որսորդներին, կգան: Որսորդմիություն էլ եմ զանգել, ոչ մի տեր: Անտերության մատնված թաղամաս ա»,- եզրահանգում է բնակիչը:
Շան հարձակվելու վերջին դեպքը գրանցվել է երեկ: 10 տարեկան երեխան վախից ուշաթափվել է:




























