Երեւանի Գրիգոր Զոհրապի անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Մուրադյանը, որը այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, նեղսրտել է, որ հանրաքվեից հետո սոցիալական ցանցերում ընտրական հանձնաժողովներում ընդգրկված մանկավարժների, դպրոցի տնօրեններին վարկաբեկելու գործընթաց է սկսվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նախկին մանկավարժը:
Նա նկատի ունի այն գործընթացը, որ սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում բուռն քննադատության են ենթարկում այն դպրոցի տնօրեններին, մանկավարժներին, ովքեր ընտրատեղամասերում ակտիվություն են ցուցաբերել «այո»-ի օգտին եւ մասնակից եղել այս կամ այն միջադեպին: Պատգամավոր Մուրադյանը տարակուսանք է հայտնում, թե ինչու են բոլորը կենտրոնացել մանկավաժների վրա, երբ տվյալ հանձնաժողովներում կան նաեւ գյուղատնտեսներ, բժիշկներ ու ինժիներներ:
Տիկին Մուրադյան,այս օրերին սոցիալական ցանցերը հեղեղված են այն դպրոցի տնօրենների, ուսուցիչների մասին քննադատություններով, որոնք հանրաքվեի օրը ընտրատեղամասերում «այո»-ի օգտին ակտիվությամբ են աչքի ընկել: Քննադատությունների, պարսավանքների այս տարափն արդյոք չի նշանակում, որ մանկավարժներին չպետք է ներքաշել ընտրական գործընթացների մեջ:
Չի կարելի միայն կենտրոնանալ ուսուցիչների, տնօրենների վրա: Նույն հաջողությամբ ընտրատեղաղամասերում ե'ւ բժիշկներ կան, ե'ւ մշակույթի աշխատողներ, ե'ւ գյուղատնտեսներ, ե'ւ ինժիներներ: Ոնց որ հատուկ ծրագիր անեք մանկավարժին վարկաբեկելու համար: Սա հայանպաստ ծրագիր չի: Էսօր երկրում տիրող բոլոր տեսակի հարաբերությունների մեղքը գցել են մանկավարժի վրա: Չկա այդպիսի համատարած բան: Նրանք իրենց աշխատանքից հետո մասնակցել են որպես քաղաքացի, ակտիվություն են դրսեւորել, բայց կան շատ դպրոցների տնօրեններ, որոնք չեն մասնակցել: Միջադեպեր տարբեր տեղեր են եղել,տարբեր մարդիկ են մասնակցել, բայց դուք զտում ու առանձնացնում եք միայն տնօրեններին, մանկավարժներին: էսպես ճիշտը չի մոտեցումը:
Ըստ մեկնաբանությունների` նրանք սերունդներ են կրթում, եւ ընտրատեղամասերում իրենց վարքագիծը հակամանկավարժական է:
Ոչ , իսկ բժիշկներին չե՞ ք տեսնում` որպես սերունդերին բուժող, իսկ ինժիներներին չե՞ք տեսնում`մեր սերունդների համար տնտեսությունը զարգացնող: Չի կարելի, էսպես ֆիքսվելով` ի՞ նչ ենք ուզում անենք:
Թերեւս ուզում են, որ ուսուցիչները վատ օրինակ չծառայեն աշակերտներին` ընտրախախտումներին անմիջական մասնակցություն ունենալով …
Թող զերծ մնան, ոչ մեկ չի դրդում որեւէ մանկավարժի, որեւէ մեկը չի կարող հակառակին դրդել կամ համոզել: Մանկավարժը ինքը քաղաքացի է եւ չի կարող ենթարկվել որեւէ մեկի կամայականությանը: Մանկավարժը ինքի պիտի որոշի` ինքը որտեղ պիտի լինի իր աշխատանքից դուրս:
Տեղյա՞ կ եք, որ արդեն մի ուսուցչի այդպիսի որոշում կայացնելու, ինչպես Դուք եք նշում` որեւէ մեկի կամայականությանը չենթարկվելու համար արդեն դպրոցից հեռացրել են: Երեւանի 145 դպրոցի պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանին հեռացրել են աշխատանքից, որովհետեւ նա ընդդիմացել է ընտրախախտումներին կամ պարզապես ընտրատեղամասում իշխանության համախոհը չի եղել շատերի պես:
Ես տեղյակ չեմ այդ դեպքին, չեմ կարծում, որ դրա համար են հեռացրել: Դուք ունե՞ ք փաստ:
Նա այդ մասին անձամբ է գրել, հայտարարել, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել:
Գրվելը դեռ փաստ չէ: Մի բանի մասին, որ տեղյակ չեմ, չեմ կարող խոսել:
Լավ, ասենք` Կարպիսը չէ, Պողոսն է, դատապարտո՞ ւմ եք ընտրախախտումը կանխելու, իշխանության հակառակ ճամբարում լինելու համար ուսուցչին աշխատանքից հեռացնելը:
Ես դատապարտում եմ, իհարկե, բոլոր խախտումներ անողներին, եւ այդ խախտումները քողարկողներին: Եւ հակառակն էլ եմ դատապարտում, որ դրա համար ուսուցչին հեռացնեն..
Իսկ եթե հիմա տեղեկացաք, որ նման բան է եղել, ի՞ նչ եք պատրաստվում անել, ամեն դեպքում նա հայտարարել է այդ մասին:
Ես իմ դիրքորոշումը ասեցի` բոլոր անօրինական գործելաոճին դեմ եմ խոսելու, անկախ նրանից` ով ուզում է լինի:
Ինչու հիմա ԱԺ ամբիոնից չեք դատապարտում այդ անօրինականությունը, կամ բարձրացնում հարցը` որպես նախկին մանկավարժ:
Ես չգիտեմ` դա ինչի համար է արվել, Դուք չէ, որ պիտի ասեք` ես ամբիոնից ինչի մասին խոսեմ, մինչեւ չճշտեմ, չեմ ասի:




























