«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դեկտեմբերի 14-ին իրենց գործերի վերանայման պահանջով հացադուլ սկսած ցմահ դատապարտյալների թիվը 28-ն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Ըստ Ղլեչյանի՝ ցմահ դատապարտյալների վիճակը բավարար է:
Նշենք, որ նախորդ օրը մեզ հետ զրույցում ցմահ դատապարտյալներից մեկի հարազատը հայտնել էր, որ հացադուլավորների թիվը 40-ն է: Կնոջ խոսքով՝ դատապարտյալները վերսկսել են հացադուլը այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարությանն ուղղված նամակի պատասխան չեն ստացել:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկվածների հարազատները հոկտեմբերին իրենց հարազատների գործերի վերանայման պահանջով նամակ էին հանձնել Բաղրամյան-26, որն հետագայում ուղարկվել էր Արդարադատության նախարարություն: Միեւնույն ժամանակ, 50 ցմահ ազատազրկվածներ մի քանի օր շարունակվող հացադուլ արեցին:



























