Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԱՊՀ ինտեգրված արժութային շուկայի ստեղծման մասին համագործակցության համաձայնագրի վավերացման մասին օրենքը: 

Համաձայնագիրը 2012-ի դեկտեմբերին Աշգաբադում կնքվել էր ԱՊՀ անդամ տասնմեկ երկրներից վեցի միջեւ. ներկայումս Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ   Տաջիկստանի: Փաստաթուղթը նպատակաուղղված է մասնակից երկրների ռեզիդենտ բանկերի` կոնվերսիոն գործողություններում  իրավահավասար եւ փոխշահավետ մասնակցության համար պայմաններ ստեղծելուն, գրում է   Gazeta-ն:

Ըստ համաձայնագրի, կողմերի ռեզիդենտ բանկերն ուղիղ մուտք կունենան իրար տարադրամային շուկաներ` միջբանկային կոնվերսիոն գործողությունների համար, որոնք պիտի կատարվեն այնպիսի իրավական ռեժիմում, որը պակաս բարենպաստ չէ, քան ազգային առեւտրական բանկերին տրամադրվողը: Դա պիտի օգնի ընդլայնել արտաքին առեւտրում ազգային տարադրամի օգտագործումը եւ ֆինանսական ծառայությունների մատուցումը, ինչպես նաեւ նախադրյալներ ստեղծել ազգային տարադրամների շուկայի լիկվիդայնության բարձրացման համար: 

Արդյունքում կստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք ազգային արժութային շուկաներին առավելագույն զարգացման հնարավորություն կտան, նախադրյալներ կստեղծվեն համաձայնեցված արժութային քաղաքականության իրականացման համար, որն ուղղված կլինի առեւտրա-տնտեսական եւ ներդրումային համագործակցության երկարաժամկետ ռազմավարությունների իրացման համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում ընդհանուր մակրոէկոնոմիկական կայունության հասնելուն: 

Համաձայնագրի վավերացումը եւ հետագա իրագործումը պիտի նպաստեն տնտեսական համագործակցության ակտիվացմանն ու հետագա զարգացմանը, ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների խորացմանը: