Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Վլադիմիր Խոեցյանի եւ համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի միջեւ վեճն ավարտվեց՝ հօգուտ Թոքմաջյանի:
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել մերժել Խոեցյանի հայցը, որով պահանջում էր անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ հայցն անհիմն է: Խոեցյանն այնուհետեւ դիմել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը նույնպես որոշում է կայացրել՝ մերժել հայցը, իսկ առաջին ատյանի կայացրած վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
Նշենք, որ Վլադիմիր Խոեցյանի եւ Հովհաննես Թոքմաջյանի միջեւ հարաբերությունները լարվել էին 2014թ. սեպտեմբերից՝ հայտնի սեքս սկանդալից հետո: Վլադիմիր Խոեցյանն ահազանգել էր, որ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Սամսոն Զատիկյանը գիշերը մտել է վարչության աշխատակիցների սենյակներ եւ խուզարկել դրանք: Այս հայտարարությունից օրեր անց Թոքմաջյանը նկատողություն տվեց Խոեցյանին ամբիոնի վարիչներից մեկի զեկուցագրի հիման վրա, ըստ որի ամբիոնի վարիչի համակարգչի հետ անսարքություն էր առաջացել, նա դրա մասին ահազանգել էր ՏՏ աշխատակիցներին, որոնք խոստացել, բայց այդպես էլ չէին այցելել ամբիոն` խնդիրը լուծելու: Նոյեմբերին երկրորդ նկատողությունը ստանալուց հետո Խոեցյանն աշխատանքից ազատվել է:




























