Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության միջեւ դատական վեճն արդեն գրեթե  2 տարի է՝ հանգուցալուծում չի ստանում:

Դեռ 2014թ.-ի ապրիլին ՄՕԿ-ը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել գործակալության կողմից գրանցված ապրանքային նշանը, քանի որ այն նախորդ հինգ տարիների ընթացքում չի օգտագործվել: Դատարանը 1 շաբաթ հայցն ուսումնասիրելուց հետո որոշել է այն վերահասցեագրել առաջին ատյանի դատարան:

Ըստ Վարչական դատարանի որոշման՝ հայցվորը չի վիճարկում վարչական մարմնի ոչ գործողությունը եւ ոչ էլ անգործությունը, իսկ թիվ 13843 ապրանքային նշանի պետական գրանցման վերացումը կապվում է ոչ թե հանրային իրավունքի բնագավառում վարչական մարմնի ոչ իրավաչափ գործելակերպով, այլ` մասնավոր-քաղաքացիական իրավահարաբերությունների շրջանակներից առնչվող որոշակի փաստի գոյությամբ (ապրանքային նշանը նախորդ հինգ տարիների ընթացքում օգտագործված չլինելու փաստը)։

«Հետեւաբար, ստացվում է, որ թեեւ հայցվորը սույն հայցադիմումով իր պահանջներն ուղղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության դեմ, այդուհանդերձ, վերջինիս հետ կապված ըստ էության վեճի բացակայությունը թույլ է տալիս գալու այն եզրահանգման, որ սույն վեճը համարվում է ոչ թե հանրային, այլ` մասնավոր-քաղաքացիական իրավահարաբերություններից բխող վեճ։

Ամբողջ վերոգրյալից հետեւում է, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ վարչական դատարանին, որպիսի պարագայում, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի, այն պետք է վերահասցեագրել ըստ ընդդատության»,- ասված է որոշման մեջ:

Հայցը 2014թ.-ի հուլիսին ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան: Մի քանի նախնական նիստերից հետո այս տարվա օգոստոսին դատաքննությունը սկսվել է, սակայն դեռեւս որոշում չկա կայացված:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ հաջորդ դատական նիստը նշանակված է արդեն 2016թ. փետրվարին:

Գործակալության իրավաբան Արա Աբգարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դատաքննությունը նորմալ հունով ընթանում է, եւ դեռեւս որեւէ էական հանգամանք չի պարզվել:

Նշենք, որ օլիմպիական խորհրդանիշի հետ առնչություն ունեցող ապրանքային նշանը, որն էլ դարձել է վեճի առարկա, պետք է օգտագործեր Աբովյան քաղաքում գրանցված ՍՊԸ-ներից մեկը՝ ոչ ալկոհոլային եւ թույլ ալկոհոլային ըմպելիքների արտադրության նպատակով: Սակայն առ այսօր, ըստ ՄՕԿ-ի, ապրանքային նշանը չի օգտագործվել: