Դեկտեմբերի 11-ին Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին երեք մարդու կյանք խլած ողբերգական վթարից վիրավորված, «Մերսեդես Բենց S 500» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Շատվանի գյուղապետի որդին է:
NEWS.am-ի հետ զրույցում Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը նշեց, որ որդու ինքնազգացողությունը վթարից հետո ոստիկանություն գնալու ճանապարհին կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Գյուղապետը ասաց, որ դեռ վաղ է խոսել վթարի մեջ իր որդու մեղավորության մասին:
«Ես էքսպերտ չեմ, ես սթրեսի մեջ գտնվող մի ծնող եմ , թողեք տեսնեմ ինչ եմ անում: Քննչականը կպարզի, բայց վթարի մեջ բոլորն էլ մեղավոր են: Հիմա ինքը հիվանդանոցում պառկած է, վիճակը ծանր է: Ինքնակամ ոստիկանություն է ուզել գնալ, ճանապարհին ուշագնաց է եղել: Մեզ էլ հասկացեք, վատ վիճակում ենք, երեք մարդ է զոհվել»,-ասաց Լյովա Աբրահամյանը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ գյուղապետի որդին՝ Տիգրան Աբրահամյանը Նյարդավիրաբուժական բաժանմունքում է, վիճակը կայուն է, գլխուղեղի ցնցում է ստացել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11.8-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց S 500» եւ «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Ֆորդ Ֆիեստա»-ում գտնվող երկու տղամարդը եւ կինը մահացել են:
Դեպքի առթիվ Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:



























