Դեկտեմբերի 11-ին Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով երեք անձի մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի գյուղապետի որդին՝ Տիգրան Աբրահամյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
NEWS.am-ի հետ զրույցում Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը, սակայն, հերքեց իր որդու ձերբակալման մասին մեր տեղեկությունը:
«Հիվանդանոցում է, ի՞նչ ձերբակալված, գլխուղեղի լուրջ վնասվածք ունի: Ոստիկանություն ներկայանալու ճանապարհին վիճակը վատացել է»,-ասաց գյուղապետը:
Լյովա Աբրահամյանը դժվարացավ ասել, թե որդին որքանով մեղավորություն ունի վթարի մեջ. «Քննչականը կպարզի»:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ գյուղապետի որդին՝ Տիգրան Աբրահամյանը Նյարդավիրաբուժական բաժանմունքում է, վիճակը կայուն է, գլխուղեղի ցնցում է ստացել:
Ամենայն հավանականությամբ Տիգրան Աբրահամյանը ձերբակալվել է հենց հիվանդանոցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11.8-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց S 500» եւ «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Ֆորդ Ֆիեստա»-ում գտնվող երկու տղամարդը եւ կինը մահացել են:
Դեպքի առթիվ Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:



























