Երեքշաբթի տեղի ժամանակով 12:00-ին ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը:  Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել երկրի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին:  

Ինչպես ակնկալվում է, զինադադարը կտեւի յոթ օր եւ կհամընկնի Շվեյցարիայում հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների մեկնարկին: Սակայն հավանականություն կա, որ այն կխախտվի, դա բազմիցս տեղի է ունեցել ավելի վաղ` ընթացիկ տարում:  Սաուդյան Արաբիան, որը գլխավորում է   «արաբիական դաշինքը», այս անգամ հայտնել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել շիա ապստամբների (հուսիտների) կողմից ցանկացած խախտմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նախկինում էր եղել,  ապստամբների կողմից վերահսկվող շրջանների ռմբակոծումը չի դադարել մինչեւ ռեժիմի ուժի մեջ մտնելը:  Reuters գործակալության տվյալներով, Սաուդյան Արաբիային սահմանակից Հաջջայի նահանգում ավիահարվածների հետեւանքով   15 մարդ է զոհվել, 20-ը վնասվածք է ստացել: Ինչպես հայտնի է դարձել երեքշաբթի, Էր-Ռիյադի գլխավորած ուժերը նաեւ վերականգնել են վերահսկողությունը Զուքար կղզու նկատմամբ, որը   Կարմիր ծովում գտնվող Հարիշ կղզիախմբի ամենախոշոր կղզին է: