Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները, անգամ հաշվի առնելով, որ դրանք արվել են ադրբեջանական լրատվամիջոցներում, առաջին հերթին վերաբերում են Ադրբեջանին: Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը ԱՊԱ ադրբեջանական գործակալությանը:
«Ադրբեջանական լրատվամիջոցներում Ղարաբաղի թեմայով շրջանառվող տեղեկությունները 99.9 տոկոսով չեն համապատասխանում իրականությանը: Մնացած 0.1 տոկոս դեպքերում դրանք ներկայացվում են աղավաղված ձեւով: Սակայն անգամ նման տեսքով ամերիկացի համանախագահի հայտարարությունը վերաբերում է առաջին հերթին Ադրբեջանին»,- ասել է Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ տարածքներին եւ կարգավիճակին վերաբերող հարցերն իրոք կարեւոր են բանակցային գործընթացում: «Սակայն դա չի նշանակում վերադառնալ 1988-1991թթ. իրադրությանը: Այս մասին բազմիցս ասվել է»,- ընդգծել է նա:
«Համանախագահները ցանկանում են լսել Լեռնային Ղարաբաղի բնակչության ձայնը: Դա նշանակում է, որ միջնորդները կշարունակեն սերտ շփումներ հաստատել ԼՂՀ ղեկավարության հետ: Երկրի բնակչությունն ինքն է ընտրել իր ղեկավարությանը, եւ առանց նրանց հետ հանդիպումների հնարավոր չէ պատկերացնել այդ գործընթացը»,- նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Մեկնաբանելով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները՝ Դավիթ Բաբայանը նշել է, որ եթե ինչ-որ պետություն մշտապես փորձում է ուժ կիրառելու միջոցով շանտաժի ենթարկել եւ կիրառել այդ ուժը, ապա նման պետության հետ կառուցողական երկխոսություն հնարավոր չէ: «Եթե Ադրբեջանը ձգտում է հարցը խաղաղ ճանապարհով կարգավորել, ապա պետք է առաջին հերթին հրաժարվի ֆաշիստական հռետորաբանությունից եւ վարքից»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը:




























