«Շանթի Յուրա» անունով հայտնի գործարար Յուրա Ղարիբյանի հարեւանները զարմացած են, թե ինչպես է ավազակային հարձակման պահին վնասազերծված, ապա հիվանդանոցում մահացած 39-ամյա Գեւորգ Սարգսյանը կարողացել մուտք գործել առանձնատուն՝ հաշվի առնելով անվտանգության ուժեղ համակարգի, կողպված դարպասների եւ բարձր պարսպի առկայությունը:
«Ախր, օձն իր պորտով չէր կարող էդ տուն մտնել, երեւի վերտալյոտով ա մտել ու անցել գործի»,-NEWS.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց հարեւանուհիներից մեկը՝ խուսափելով նշել իր անունը:
Հարեւաններից մեկը, սակայն, կարծիք հայտնեց, որ Գեւորգ Սարգսյանը մուտք է գործել առանձնատան հետնամասից, որտեղ պարիսպն ավելի ցածր է:
«Իրանց տան կողմից հայաթներով եկել, հասել ա տան մոտ, ու էդտեղ պատը ցածր ա, պատի վրայով թռել, մտել ա»,-ասաց հարեւանը:
Հարեւանները դեպքի ժամանակ որեւէ արտասովոր ձայներ չեն լսել, միայն ոստիկանության եւ շտապօգնության ազդանշաններից են դուրս եկել, եւ տեղեկացել դեպքի մասին:
Նշենք, որ մահացածի տունը գտնվում է հարձակման ենթարկված բնակիչների տան մոտակայքում։
Նախնական տեղեկություններով՝ավազակային հարձակում կատարելու պահին տանը եղել են «Շանթի Յուրա» անունով հայտնի գործարար Յուրա Ղարիբյանի կինը եւ զոքանչը։ Տանը եղել են նաեւ մանկահասակ երեխաներ։ Այս պահին դեռ հայտնի չէ՝ տանը գտնվող անձանցից ով է դանակով հարվածել հարձակում կատարողին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի ունեցած ավազակային հարձակման հետեւանքով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 2 կին: Ավազակային հարձակում կատարածին վնասազերծել է տանտիրուհին. երբ հարձակվողը կրակել է երիտասարդ աղջկա վրա, տանտիրուհին փրկել է տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը մահացու վնասվածք է ստացել:




























