Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արդեն 3-րդ անգամ հետաձգվեց հայ-վրացական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Թուրգայ Միքայիլովի գործով դատական նիստը:

Դատական նիստին այս անգամ ներկա էր թարգմանիչը, մինչդեռ դատախազը կրկին չէր ներկայացել. դատավորի խոսքով՝ դատախազի մայրն առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով չի ներկայացել:

Դատական նիստը բացված հայտարարելուց հետո դատավոր Նարինե Հովակիմյանը Թ. Միքայիլովին հարցրեց՝ կո՞ղմ է, թե՞ դեմ, որ լրագրողներն իրեն լուսանկարահանեն եւ տեսանկարահանեն նիստերը, ինչին ի պատասխան վերջինս պատասխանեց. «Ես այնպիսի արարք չեմ արել, որ ինձ նկարեն»:

Հաշվի առնելով նրա ցանկությունը՝ դատավորը նիստին ներկա լրագրողներին թույլատրեց ներկա գտնվել նիստին՝ առանց տեսաձայանագրելու։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 23-ին:

Հիշեցնենք, որ  ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայիլովը հուլիսի 23-ին ժամը 21:00-ի սահմաններում, առանց սահմանված փաստաթղթերի, շրջանցել է ՀՀ պետական սահմանային անցակետերը եւ հայ-վրացական պետական սահմանի՝ ՀՀ Լոռու մարզի Ձյունաշող սահմանամերձ գյուղին հարակից հատվածով, ոտքով շարժվելով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի տարածք: 35-ամյա Միքայիլովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: