Սանկտ-Պետերբուրգում տան տանիքից ընկած եւ օրերս Վանաձոր տեղափոխված շինարարին ծանր վիրահատություն է սպասվում, սակայն ընտանիքը ֆինանսական միջոցներ չունի:

«Մեծ դժվարությամբ կարողացանք հասնել Հայաստան: Ինքնաթիռում  մի քանի ուղևորի տոմս ենք գնել, որպեսզի Կարենը կարողանա անշարժ պառկած վիճակում գա տեղ հասնի»,- NEWS.am-ի թղթակցին պատմեց շինարարի կինը՝ Գայանեն:

Ուղիղ մեկ ամիս առաջ վանաձորցի շինարարը Սանկտ-Պետերբուրգում 3 հարկանի տան տանիքին աշխատելիս վայր էր ընկել ու ստացել ողնաշարի կոտրվածք, 1-5 ողերի կոտրվածք ու վնասում, կողերի ու վերին վերջույթի կոտրվածքներ, ուղեղի ցնցում: Օրեր առաջ ընտանիքին հաջողվել է Կարենին Հայաստան բերել. տոմսերի գումարը՝ 108 հազար ռուբլին հավաքել են հարազատները: Այժմ, երբ Կարենը Հայաստանում է, նրան ողնաշարի բարդ վիրահատություն պետք է կատարվի:

Կարենի կնոջ խոսքով՝ վիրահատության ընդհանուր արժեքը 2 մլն 700 հազար դրամ է, որը ներառում է նաեւ ողնաշարի ողերի ամրացման համար անհրաժեշտ սարքերի արժեքը:

Որպես նպաստառու ընտանիք, առողջապահական ոլորտի պատասխանատուները խոստացել են վիրահատությունն իրականացնել պետպատվերի շրջանակում: Տեղադրվելիք սարքերի արժեքը, սակայն, ստիպված է լինելու վճարել ընտանիքը:

«3-րդ և 5-րդ ողերի համար երկու սարք է անհրաժեշտ գնել, որոնցից յուրաքանչյուրն արժե 900 հազար դրամ»,- ասում է Գայանեն՝ նշելով, որ բժիշկների ցուցումով վիրահատությունը պետք է իրականացվի առաջիկա 10 օրերի ընթացքում, այլապես ամուսինը կարող է քայլելու հետ կապված խնդիրներ ունենալ:

Կարենին օգնելու ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել VTB բանկում բացված հետևյալ հաշվեհամարին՝ 16036026472706:

Այն բացված է կնոջ՝ Գայանե Ամալյանի անունով: