ՄԱԿ-ը աշխարհի գլխավոր թանգարանների հետ միասն զգուշացնում է, որ Լիբիայում գտնվող հնագիտական նմուշներն ու մշակույթի գործերը գտնվում են «Իսլամական պետության» կողմից ոչնչացվելու վտանգի տակ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։

Այս կապակցությամբ Թանգարանների միջազգային խորհուրդը  հրապարակել է վտանգի տակ գտնվող մշակութային օբյեկտների ցուցակը եւ դիմել է Ինտերպոլին, մաքսային ծառայություներին՝ պահանջելով հետեւել այդ օբյեկտներին։  Նշվում է, որ իսլամիստ զինյալներն Իրաքում ու Սիրիայում արդեն ոչնչացրել են հնագույն տաճարներ եւ հուշարձաններ, եւ մասնագետները կարծում են, որ թալանած գտածոների մի մասը նրանք վաճառում են սեւ շուկայում։

Թեպետ միջազգային փորձագետները նշում են, որ Լիբիայում դեռեւս չի գրանցվել հուշարձանների կործանման դեպք, որն ուղղված լիներ անցյալի խորհրդանիշների ոչնչացմանը, սակայն  ամեն դեպքում եղել են Տրիպոլիի ողջ տարածքում սուֆիական մզկիթների կողոպուտի դեպքեր։