Ինքնասպանության փորձ կատարած ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանի առողջական վիճակը լավ է, նա ապաքինվում է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Ասատուրյանի խոսքով՝ զինծառայողի վիճակն արդեն կայունացել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. դեկտեմբերի 11-ին, Ռազմիկ Աբրահամյանը տեղափոխվել էր հիվանդասենյակ:
Նշենք, որ Աբրահամյանի թոքն էր վնասվել:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը ՌԴ-ում է բնակվում, Հայաստան է վերադարձել ծառայության մեկնելու համար: Նրա մայրը մահացած է, հայրը ՌԴ-ում է բնակվում:
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ զինծառայողը նամակ է թողել հորը՝ հայտնելով, որ ինքնասպանության է դիմում համածառայակիցների պատճառով:
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետեւ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը, Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը ձերբակալված են:



























