Ռուբեն Հակոբյանը պատրաստ է միանալ Սահմանադրական փոփոխությունների արդյունքները վիճարկելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու համար ՀԱԿ խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին, եթե ՀԱԿ խմբակցությունը հանդես գա հայտարարությամբ, որ ընդունում է դեկտեմբերի 6-ի Սահմանադրության հանրաքվեի ընթացքում կրկնվել են 1995թ. հուլիսի 5-ին տեղի ունեցած առաջին Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ձևավորված տխուր ավանդույթները: Այս մասին ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը գրել է Facebook-ի իր էջում:
«Հարգելի գործընկերներ Պատրաստ եմ իմ ստորագրությամբ աջակցել ձեր նախաձեռնությանը, եթե ՀԱԿ խմբակցությունը հանդես գա հայտարարությաբ, ընդունելով, որ դեկտեմբերի 6-ի Սահմանադրության հանրաքվեի ընթացքում, ցավոք, կրկնվեցին 1995թ. հուլիսի 5-ին տեղի ունեցած առաջին Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ձևավորված տխուր ավանդույթները, որոնք հետագայում ավանդույթի ուժով կրկնվեցին համապետական գրեթե բոլոր ընտրություններում։ Դրանով իսկ փաստելով, որ ՀԱԿ խմբակցությունը ընտրողաբար չի մոտենում ընտրակեղծարարությանը և խստորեն դատապարտում է նաև ՀՀ առաջին իշխանություններին՝ 95-ի հուլիսի 5-ի Սահմանադրության հանրաքվեն աննախադեպ կեղծելու և բռնություներով այն անցկացնելու իրողությունը։ Կարծում եմ, հարգելի գործընկերներ, այս դեպքում ՀԱԿ-ը կընկալվի անկողմնակալ և անկեղծ՝ ընտրակեղծիքների դեմ պայքարում։ Հարգանքով՝ Ռուբեն Հակոբյան»։



























