Ուկրաինայի հայերի միության նոր փոխնախագահ է դարձել Լեւոն Գուլյանը։ Ինչպես հայտնել են Ուկրաինայի հայերի միության աշխատակազմից, միության ղեկավար Վիլեն Շատվորյանի առաջարկով համայնքի եւ հոգեւորականության փոխհամագործակցության առավել ամրացման համար Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի հարավային թեմի եւ Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նախկին ղեկավար, հայր Լեւոն Գուլյանը դարձել է Ուկրաինայի հայերի միության փոխտնօրեն։

«Լեւոն Գուլյանին Ուկրաինայի հայերի միության փոխտնօրենի պաշտոնին նշանակելը թույլ կտա ամրապնդել համայնքների հետ հոգեւորականների փոխհարաբերությունները»,- նշել են Ուկրաինայի հայերի միության աշխատակազմից, փոխանցում է Analitikaua-ն։

Հիշեցնենք, որ ՈՒՀՄ-ն՝ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ դարձել է համաուկրաինական կազմակերպություն, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները։

ՈՒՀՄ-ն Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպությունն է, որը ընդգրկվել է ԵՄ թափանցիկության գրանցամատյանում։