Դեկտեմբերի 15-ին կայացավ «Ազգային միասնություն» շարժման համակարգող խմբի հերթական նիստը, որտեղ ընդունվել է շարժման նախաձեռնող Արա Աբրահամյանի առաջարկը՝ հիմնադրել «Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորում» անվանումը կրող միջազգային կազմակերպություն եւ ներկայացնել այն գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն՝ որպես մշտապես գործող կառույց:

«Ազգային միասնություն» շարժման մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆՖորումի հիմնադիրներն են լինելու Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը:

Համակարգող խումբը որոշեց ընդունել առաջարկը, ձեւավորել անհրաժեշտ փաստաթղթային փաթեթ եւ սկսել նախապատրաստական աշխատանքներ 2016թ. հունիսի 22-25-ին Երեւանում կայանալիք Եվրասիական տնտեսական բիզնես-համաժողովի անցկացման համար: Միջազգային բիզնես-համաժողովին հրավիրվելու են սփյուռքի հայ գործարարներ, ներդրողներ եւ մի շարք պետությունների խոշոր կորպորացիաների ներկայացուցիչներ:

Համակարգող խումբը քննարկեց համաժողովի աշխատանքների նախապատրաստման գրաֆիկը, ինչպես նաեւ փորձագետների խմբի ձեւավորման հարցը, որն իրականացնելու է տնտեսական եւ ներդրումային առաջարկների քննարկում եւ գնահատում: