Բրազիլական Տայոբեյրաս քաղաքի բնակչուհին քաղաքապետ Ժոել Կրուզին մեղադրել է բռնաբարության համար: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ մանկապիղծի հաշվին տասնյակ զոհեր կան, իսկ իր հանցագործությունները նա անպատիժ կերպով կատարել է 20-ից ավելի տարվա ընթացքում:
Ինչպես հաղորդում է Daily Mail տաբլոիդը, Կրուզը, որը հայտնի է Մեծ Ժոել մականունով, առաջին անգամ ընտրություններում հաղթել է դեռեւս 1976 թվին եւ 16 տարի է անցկացրել այդ պաշտոնում: Նրա հանցագործությունների մասին տեղեկությունները հայտնվել են դեռեւս 90-ականների սկզբին, սակայն այդ ժամանակ գործը լուրջ դատական գործընթացի չի հասել:
Իմիջիայլոց, ինչպես ներկայումս հաջողվել է պարզել, Տայոբեյրասի բոլոր բնակիչները տեղյակ էին քաղաքապետի հանցավոր հակումներին: Բռնաբարված երեխաներին մանկապիղծը Вrisa ապրանքանիշի վարդագույն հեծանիվ էր նվիրում, եւ շուտով դա յուրահատուկ տարբերակիչ նշան դարձավ: Տուժածների պատմածների համաձայն, Մեծ Ժոելը աղջիկներին հաճախ «փոխանցում էր» իր ընկերներին, բայց այն բանից հետո միայն, երբ ինքը օգտվում էր նրանցից, տեղեկացնում է Lifenews-ը:
Քաղաքապետն իր զոհերի ծնողներին առատորեն վարձատրում էր լռության համար: Այսպես, մի ընտանիքի նա մի ամբողջ ֆերմա էր նվիրել: Ավելին, հաճախ կանայք իրենք էին նրանից փող խնդրում իրենց աղջիկների դիմաց:
Առաջինը, ով համարձակվել է ի լուր ամենքի տեղեկացնել Ժոել Կրուզի հանցագործությունների մասին, 10-ամյա մի աղջիկ էր: Նա պատմել է, որ մայրն իրեն քաղաքապետին է վաճառել 20 դոլարով: Նրա խոսքով, մանկապիղծը կանոնավոր կերպով ծանակում էր իրեն եւ հաճախ թմրանյութ էր տալիս, որպեսզի վերջինս քիչ դիմադրեր:
Այժմ երեխան մանկատանն է` ոստիկանության հսկողության տակ, իսկ մայրը բանտում է: Մեծ Ժոելն այդ ընթացքում փախել է քաղաքից, նրա նկատմամբ հետախուզություն է հայտարարված: Եթե նա այնուամենայնիվ կանգնի դատարանի առաջ եւ հնարավոր լինի ապացուցել նրա հանցանքը, նրան մինչեւ 60 տարվա ազատազրկում է սպասում:





























