Սահմանադրական փոփոխությունների արդյունքները վիճարկելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու համար «Հայ ազգային կոնգրեսի» նախաձեռնած ստորագրահավաքին միացել են նաեւ ՕԵԿ-ական պատգամավորներ Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Իշխան Խաչատրյանը։ Այսպիսով՝ ԱԺ ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը հասել է 15–ի։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ստորագրահավաքին միացել են ՀԱԿ խմբակցությունից Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» խմբակցությունից` Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը,  ՕԵԿ խմբակցության բոլոր պատգամավորները՝ Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը, ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը:

ՍԴ դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ն է,  մինչեւ այդ անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն:

Նշենք, որ ավելի վաղ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենք չեն միանալու ստորագրահավաքին: