Կոնյակի արտահանման ծավալն ընթացիկ տարում նվազել է 15, իսկ գինն էլ մինչեւ 25 տոկոսով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

«Տարին լավը չէր, քանի որ չկարողացանք կանխել բացասական երեւույթները, որոնք սկսվեցին ռուսական ռուբլու տատանումից: Ռուսական շուկայում ապրանքների գները չբարձրացան, եւ հայ գործարարները ստիպված եղան աշծատել վնասով` փորձելով պահել տեղը ռուսական շուկայում: Այսպես, արտահանման ծավաը նվազել տասնհինգ տոկոսով, իսկ գները` մինչեւ քսանհինգ տոկոս: Եթե գարնանն ու աշնանը հինգից տասը տոկոս վնասով էին աշխատում, ապա նախատոնական օրերին ստիպված են առանց շահույթի աշխատել, միայն թե ապահովեն տեղը շուկայում»,- ասաց Ավագ Հարությունյանը:

Միության նախագահի խոսքով` գնողունակության առումով հայկական կոնյակն այլեւս մրցունակ չէ ռուսական շուկայում, քանի որ 3-4 աստղանի կոնյակներ արտադրում են նաեւ ռուս եւ ադրբեջանցի գործարարները, իսկ թանկի դեպքում մրցունակ է դառնում ֆրանսիական կոնյակը:

«Այս տարվա ողբերգություններից էր նաեւ խաղողի մթերումը: Այսօր այգիների քսան տոկոսը թաղված չէ. Պատճառն այն է, որ մարդիկ չստացան ակնկալվող գումարը եւ այլեւս չեն վստահում գործարաններին»,- նշեց Ավագ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այս տարի խաղողի աննախադեպ բերք գրանցվեց. Բերքի մի մասը փչացավ, իսկ գյուղացիներն էլ ստիպված եղան վաճառել խաղողը էժան գներով: