Քուվեյթում սկսվել են տնտեսական ու տեխնիկական համագործակցության հարցերով հայ -քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները, հայտնում է քուվեյթական KUNA լրատվական գործակալությունը:
Նախապատրաստական հանդիպման ժամանակ քուվեյթական կողմը ղեկավարում էր ֆինանսների նախարարության քարտուղարի տնտեսական հարցերով օգնական Սամի ալ Սակուբին, որը գործակալությանը հայտնել էր, որ նիստի ընթացքում շարունակելու են քննարկել՝ 2011 թ. հոկտեմբերին հանձնաժողովի առաջին նիստում բարձրացված հարցերը:
Հանդիպման ժամանակ նա շեշտել է երկու երկրների տնտեսական կապերի կարեւորությունը, մասնավորապես ներդրումների, զբոսաշրջության, առողջապահության, ու հետբուհական կրթության ոլորտներում:
Հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի ԱԳՆ Մերձավոր ու Միջին արեւելքի վարչության պետ Սարմեն Բաղդասարյանը հայտնել է, որ Հայաստանը ձգտում է ավելի սերտ տնտեսական կապերի Մերձավոր արեւելքի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների՝ մասնավորապես Քուվեյթի հետ:
Միջկառավարական հանձնաժողովի հանդիպումը կկայանա դեկտեմբերի 22-ին, քուվեյթական կողմից այն կղեկավարի ֆինանսների նախարար, փոխվարչապետ Անաս ալ Սալեհը: Ակնկալվում է, որ փոխհարաբերությունների մասին մի շարք հռչակագրեր կստորագրվեն:



























