Փորձագետները ուսումնասիրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շարժուձեւն ու մտածելակերպը՝ փորձելով անձի վերլուծության միջոցով եզրահանգումներ անել նրա քաղաքականության ուղղության մասին։ Մասնավորապես մարմնի լեզվի մասնագետների ուշադրությունն արդեն վաղուց գրավում է Պուտինի քայլվածքը։
«Ռուսաստանի նախագահը կարող է չենթադրել անգամ, որ ինքը Վայրի Արեւմուտքի կովբոյների հետ ընդհանուր ինչ-որ բան ունի»,- գրում է The Times բրիտանական պարբերականը։ Պուտինի եւ ռուս բարձրաստիճան մյուս պաշտոնյաների մոտ «հմուտ հրաձիգի քայլվածք» են ախտորոշել։
Փորձագետները նշել են, որ Պուտինը քայլելիս ավելի շատ շարժում է ձախ ձեռքը, քան աջը։ Աջ ձեռքը քայլելիս գրեթե անշարժ է մնում։ Մասնագետները ենթադրում են, որ այդ առանձնահատկությունը Պուտինը ձեռք է բերել ՊԱԿ-ում ծառայության ժամանակ զենքի հետ վարվեցողություն սովորելու տարիներին, փոխանցում է Newsru-ն։
Հոլանդիայի Նեյմեգեն քաղաքի շարժողական խանգարումների Պարկինսոնի կենտրոնի մասնագետ, պրոֆեսոր Բաս Բլումը ՊԱԿ աշխատակիցների համար նախատեսված հատուկ ձեռնարկ է գտել այն մասին, թե ինչպես պետք է գործակալները բռնեն զենքը։ Համաձայն այդ ձեռնարկի՝ քայլելիս զենքը պետք է ամուր սեղմած պահել կրծքին կամ աջ ձեռքում։ Առաջ շարժվել պետք է մեկ կողմից, որպես կանոն՝ ձախից։
Փորձագետներն ուսումնասիրել են Պուտինի եւ այլ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների քայլվածքը եւ նկատել նմանությունը։ Աջ ձեռքերը չեն շարժում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը եւ ՀԱՊԿ միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ «Այն գաղափարը, որ Կրեմլում հանկարծ բոլորը Պարկինսոնի հիվանդություն են ձեռք բերել, ուղղակի հիանալի է»,- ասել է Բլումը։
Սակայն փորձագետները եկել են այն եզրակացության, որ այդ պաշտոնյաների քայլվածքի գաղտնիքը նրանց անցյալում է։ Սերդյուկովը պահեստային սպա է, Սիդորովը՝ գեներալ-գնդապետ, իսկ Իվանովն ու Պուտինը՝ ՊԱԿ նախկին աշխատակիցներ։
Ինչ վերաբերում է Մեդվեդեւին, լրագրողները դեռ 2007թ.-ին նշել էին, որ նա ընդօրինակում է իր «շեֆի» շարժուձեւը։




























