Տոնական ճայթուկների վրա պետք է գրված լինի, թե որ տարիքի երեխաների համար է այն նախատեսված, որպեսզի հնարավոր լինի խուսափել դժբախտ պատահարներից: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ Հայաստանում ճայթուկների վաճառքը համապատասխան մարմինների կողմից չի վերահսկվում, որն էլ հատկապես Նոր տարվա նախաշեմին հանգեցնում է դժբախտ պատահարների:

«Շատ դաժան կլինի երեխաներին զրկել ճայթուկից, դրանք հենց նրանց ուրախացնելու համար են ստեղծված, բայց պետք չէ նաեւ մոռանալ, որ ճայթուկների որոշ տեսակներ կան, որոնք կարող են անդառնալի վնաս հասցնել երեխաներին: Այդ պատճառով էլ Հայաստանում պետք է ստեղծվի մի մարմին, որը կվերահսկի եւ դրանց ներկրման գործընթացը, եւ վաճառքը»,-ասաց Արմեն Պողոսյանը:

Արմեն Պողոսյանի խոսքով, ծնողները նույնպես պետք է ուշադիր լինեն եւ թույլ չտան, որ իրենց երեխաները անհայտ ծագման ճայթուկներ գնեն:

«Համապատասխան մարմինները, օրինակ ՏԿԱԻՆ-ը, Առողջապահության նախարարությունը սկսում են զբաղվել այս խնդրով, երբ ինչ-որ դժբախտ պատահար է լինում, հետո նորից մոռանում են: Մենք շատ անգամ ենք դիմել համապատասխան մարմիններին, բայց ինչպես տեսնում ենք, դեռ դրական տեղաշարժ չկա»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ Հայաստանում ճայթուկներից վերջին մեկ շաբաթվա ընթացքում 2 երեխա է տուժել՝  դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Արաքս գյուղից աչքերի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տարեկան երեխա: Նախնական տեղեկություններով՝ երեխան վնասվածք է ստացել  տոնական ճայթուկից: Նույն օրը մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Կոտայքի մարզի Արամուս գյուղի գերեզմանոցի տարածքում, որից տուժել է 15-ամյա Կ.Ղ.-ն: