ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի եւ անդամ Էլիոթ Էնգելի կոչն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, դեռեւս արձագանք չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը:

«Ռոյսը, Էնգելսն ու մյուս կոնգրեսականներն առաջարկում են դիպուկահարներին դուրս հանել շփման գծից, տեղադրել մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի պարզել կրակոցների արձակման վայրը, ինչպես նաեւ դիտորդների թիվն ավելացնել: Կոնգրեսականների կոչից անցել է ավելի քան 1 ամիս, սակայն շարժ չկա: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, իսկ դիպուկահարների արձակած կրակոցների հետեւանքով երիտասարդներ են զոհվում»,- ասաց Չուլջյանը:

Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ անդամ Էլիոթ Էնգելը դեռ շաբաթներ առաջ նամակով կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած կեղծ հավասարության ձախողված քաղաքականությունը փոխելու կառուցողական, հաշվետվողականության վրա հիմնված մոտեցմամբ:

2016թ. հունվարին Ռոյսը կազմակերպելու է փակ քննարկում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը: