Կրեմլում հետեւում են ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի քաղաքական հայտարարություններին եւ զեկուցում երկրի նախագահին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այնքանով, որքանով այդ հայտարարությունները լուսաբանվում են մամուլում, բնականաբար, մենք այն ֆիքսում ենք»,- խոստովանել է Պեսկովը՝ հավելելով, որ ամփոփիչ տեղեկատվությունը օրվա ընդհանուր լրահոսի հետ միասին փոխանցվում է նախագահին:

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Խոդորկովսկիի հայտարարությունները՝ նշելով, միայն, որ «մարդը, որը երկար ժամանակ հայրենիքում չի եղել, կտրված է իրականությունից»:

«Մեր երկրի պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ մարդկանց ինչ-որ խումբ նստած է եղել Ժնեւում, կարոտել հայրենիքը եւ մտածել, թե ինչպես հայրենիքում ինչ-որ բան փոխի: Որպես կանոն, դա ոչ մի լավ բանի չի հանգեցրել»,-հավելել է Պեսկովը: