2015թ․-ի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում չլուծվեց գերբնակեցման խնդիրը, հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական, դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը։
«Այս տարվա ընթացքում բացվեց նոր քրեակատարողական հիմնարկ, իսկ վարչությունն ու նախարարությունն էլ սկսեցին բաց եւ թափանցիկ աշխատել։ Սրանք դրական փոփոխություններն են։ Դեռեւս կան խնդիրներ, որոնք չեն լուծվում եւ դժվար թե առաջիկա տարիներին լուծվեն․ գերբնակեցում, կենցաղային վատ պայմաններ, հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Դատապարտյալները խնդիրներ ունեն նաեւ բուժման կազմակերպման հետ կապված»,- ասաց Ռուբեն Սարգսյաը։
Դիտորդական խմբի անդամ, իրավաբան Ռոբերտ Ռեւազյանի խոսքով՝ Հայաստանում մեծ խնդիր է ցմահ դատապարտյալներին ազատ արձակելը։
«Ուղղիչ գործառույթը բավարար մակարդակի վրա չէ, ապացույցն այն է, որ առ այսօր ոչ մի ցմահ դատապարտյալ ազատ չի արձակվել։ 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալը պետք է հնարավորություն ստանա՝ ռեժիմը փակից կիսաբացի փոխելու եւ այսպես շարունակ։ Պետք է ճկուն մեխանիզմ մշակվի»,- ասաց Ռոբերտ Սեւազյանը։
Իրավաբանի խոսքով՝ ՔԿՎ-ն չի կարողանում վերահսկել քրեական հեղինակություններին, որոնք համագործակցում են կալանավայրերի աշխատակիցների հետ․ «Մեկ օրինակ․ ցմահ դատապարտյալները 2-րդ անգամ հացադուլ հայտարարեցին ընդամենը մի քանի ժամով։ Հետագայում մենք պարզեցինք, որ նրանց դրսից ճնշել են քրեական հեղինակությունները։ Օրինակները շատ են, նույնիսկ աշխատակիցներն են ասում՝ եթե քրեական հեղինակությունները չլինեն, բարդակ կլինի»։
Դիտորդական խմբի մյուս անդամ Սերգեյ Գաբրիելյանն էլ համոզված է, որ ՔԿՀ-ներում շարունակում են խտրական վերաբերմունք ցուցաբերել դատապարտյալների նկատմամբ։
«Մի խցում եվրանորոգում է, մեկ այլ խցում անմարդկային պայմաններ են։ Մենք նաեւ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին ենք հորդորում, որ դատապարտյալների նկատմամբ խտրական վերաբերմունք չցուցաբերել, վարկաբեկող անուններով չդիմել»,- ասաց Սերգեյ Գաբրիելյանը՝ նշելով, որ իրենց համար դժվար է դիտարկում անցկացնել խցերում, քանի որ շատ հաճախ թույլ չեն տալիս։
Մինչդեռ ԱՆ Քրեակատարողական վարչության կազմ վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանի խոսքով՝ դեռ ԽՍՀՄ տարիներից է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը գերբնակեցված, սակայն «Արմավիր» ՔԿՀ-ի շահագործման շնորհիվ այս հարցը կլուծվի։
«Ինչ վերաբերում է բուժման հետ կապված խնդիրներին, ապա մենք ունենք տվյալներ, որոնց համաձայն՝ այս տարվա ընթացքում շուրջ 700 քաղաքացի ստացիոնար բուժում է ստացել, եւս 66 հազարն ամբուլատոր բուժում են ստացել»,- ասաց ՔԿՎ աշխատակիցը։
Անդրադառնալով ցմահ դատապարտյալների վերաբերյալ քաղաքականությանը, ըստ Քոչինյանի, 2014-2015թթ․ շուրջ 16 ցմահ դատապարտյալ պատիժը կրում է կիսափակ ռեժիմով, որն էականորեն բարելավել է նրանց պահման պայմանները։
«Ապօրինությունների վերաբերյալ հայտարարություններն էլ հորդորում եմ անել կոնկրետ օրինակներով»,- եզրափակեց Քոչինյանը։




























