Ցմահ դատապարտյալների գործերի վերանայումը Քրեակատարողական վարչության գործառույթը չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՆ Քրեակատարողական վարչության կազմ վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ սկսած ցմահ դատապարտյալների պահանջներին։

«Մենք առաջարկում ենք նախագիծը, որը հնարավորություն կտա 10 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալների կարճաժամկետ եւ երկարաժամկետ արձակուրդները կրկնակի դարձնել։ Ինչ վերաբերում է գործերի վերանայմանը, դա մեր գործառույթը չէ»,- ասաց Հայկ Քոչինյանը։

Դիտորդական խմբի անդամ, իրավաբան Ռոբերտ Ռեւազյանի խոսքով՝ գործերի վերանայում պետք է անի դատախազությունն ու դատական համակարգը։

«Գործերի վերանայում կնշանակի նոր դատավարություններ, նոր բողոքարկումներ, նոր հրապարակայնություն, նախկին 15-20 տարի առաջ տեղի ունեցած հանցագործություններով նոր հանցագործների հայտնաբերման անհնարինության բարդություններ, նոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք, այս գործերով կեղծիքներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց։ Շատ մեծ պատասխանատվություն պետք է վերցնեն, այդ պատճառով գերադասում են հայտարարել, թե արդար դատավարություններ են եղել»,- ասաց Ռոբերտ Ռեւազյանը։

Նշենք, որ ցմահ դատապարտյալներն այս տարվա ընթացքում արդեն 3-րդ անգամ հացադուլ են հայտարարում՝ պահանջելով գործերի վերանայում։