Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, արդեն չորրորդ անգամ հետաձգվեց:
Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է փաստաբաններից երկուսի բացակայության պատճառով: Դատական նիստին չէին ներկայացել մեղադրյալ Գնել Թեւոսյանի եւ Մովսես Ազարյանի պաշտպանները: Գնել Թեւոսյանի պաշտպան Արա Զաքարյանը չէր նախազգուշացրել բացակայության մասին: Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը դատական նիստից րոպեներ առաջ զանգահարել եւ զգուշացրել էր, որ բացակայելու է հիվանդության պատճառով:
«Թող լուրջ վերաբերվեն այս գործին: Եթե լուրջ հիվանդություն ուներ, կարող էր մեկ օր առաջ զանգահարել ու ասել, որ հիվանդ է: Կամ կարող էր Մովսեսի մյուս պաշտպանը գալ: Երեւի չեն ուզում այս տարի ընդհանրապես նիստ լինի, չգիտեմ՝ ինչու»,- դատարանում լրագրողներին ասաց սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 24-ին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
4 կուսանտների դատաքննության հետ քննվում է նաեւ կուրսանտ Վարազդատ Սաֆարյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ նա 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմանում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց ու նրա կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ ծեծի է ենթարկել Մանասերյանին: Բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:




























