Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի համաձայնի, որ Սիրիային կողքից պարտադրեն, թե ով պետք է այդ երկիրը ղեկավարի:
«Դա ոչ մի խելամիտ ուղեղում չի տեղավորվում, ոչ էլ միջազգային իրավունքում»,-մեծ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Պուտինը:
Նա նաեւ հայտարարել է, որ աջակցում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ պատրաստելու ԱՄՆ նախաձեռնությունը, այն հիմնականում Ռուսաստանին բավարարում է, եւ այդ մասին ինքը խոսել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Մոսկվա այցի ժամանակ:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախաձեռնությունը հավանության կարժանանա նաեւ Սիրիայի ղեկավարության կողմից:
Վլադիմիր Պուտինի խոսքով, սիրիական խնդիրը այլ լուծում չունի, քան քաղաքականը, եւ այդ առումով ռուսական պլանը գրեթե համընկնում է ամերիկյանի հետ: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի օդային հարվածները, կաջակցի սիրիական բանակի հարձակմանը եւ շփումներ կորոնի «Իսլամական պետության» դեմ պայքարող սիրիական ընդդիմության հետ:
ՌԴ նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանին մշտական ռազմակայան է պետք Սիրիայում:




























