Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները ականատես են եղել ու վկայություն են տվել այն մասին, որ Հայկազ Բարսեղյանին դանակով հարվածողը եղել է մեղադրյալներից Գնել Թեւոսյանը, որն այն ժամանակ ինստիտուտի պետի տեղակալի որդին էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողներին ասաց սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:
«Գնելի փաստաբան Արա Զաքարյանը պնդում է, թե ինքնասպանություն է եղել, բայց գլխավոր մարդասպանը Գնելն է: Փաստաբանը համարում է՝ նախաքննության ընթացքում ճնշումներ են գործադրվել վկաների վրա: Իրեն որ մնար, ծածկադմփոց կլիներ գործը»,- ասաց Արկադի Բարսեղյանը՝ նշելով, որ կուրսանտներից ոմանք ասել են, որ երբ տեսել են, թե Հայկազը ինչ դիրքով է կախված, միանգամից հասկացել են, որ ինքնասպանություն չի եղել:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիները: Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
Արդեն չորրորդ անգամ դատական նիստը հետաձգվում է:




























