Հայաստանի ընդդիմությունը չպետք է լինի խոսափողային, ընդդիմությունը պետք է գործ անի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, քաղաքականությունը՝ քաղաքականություոն, բայց մարդիկ հոգնել են հանրությունը հոգնել է ռադիկալ, մարգինալացված, ատելության կոչերից:
«Չի կարելի ամեն օր տասը հոգու տանել հրապարակ, տանել տուն, տանել հրապարակ, երգեր երգել, հեքիաթ պատմել, ուղարկել հետ. մարդիկ բան ու գործ ունեն չէ՞: Մարդկանց պետք է տանես հրապարակ մեկ անգամ՝ երբ դու հաղթում ես՝ շնորհակալություն հայտնելու, իսկ եթե պարտվում ես՝ հաջողություն ասելու»,-նշել է Շարմազանովը:
Նա նշել է, որ այդ առումով չի կարելի չհամաձայնել Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ: «Քանի դեռ չես աշխատում, տեղերում կառույցներ չես ստեղծում, ինչի՞ վրա ես հույս դրել: Իսկ մեզ մոտ ընդդիմությունը չի ուզում մասնակցել տեղական ընտրություններին: Միայն համազգային եւ միայն հաղթանակի հավակնություններով: Դա նույնն է, որ Ալավերդու «Դեբեդը» խաղա Բրազիլիայի հավաքականի հետ, իսկ հետո ասի, որ դմրցավարն էր մեղավոր, «զասուդիտ» արեց»,-ամփոփել է Շարմազանովը:




























