Հայաստանի հանրապետական կուսակցությունը երբեք խնդիրները չի անձնավորում: Այս մասին դեկտեմբերի 17-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդվարդ Շարմազանովը՝ պատասխանելով 2015թ. փետրվար-մարտին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու մասին հարցին:

«Կուսակցությունը որոշակի ձեւափոխում է ապրել, բայց ես հարգում եմ ցանկացած կուսակցության ներքին որոշում»,- հավելել է նա:

Այն դիտարկմանը, որ իշխանությունը ԲՀԿ-ի նկատմամբ դաժան է գտնվել՝ Շարմազանովը պատասխանել է. «Մենք ոչ մեկի նկատմամբ էլ դաժան չենք: Մենք հումանիստներ ենք: Մենք գործընկերային հարաբերություններ ունենք մյուս կուսակցությունների հետ: Մենք նրանց հարգում ենք ու նրանց ներքին գործերին չենք միջամտում: Այն ինչ մենք ասում էինք, մենք ասում էինք երեւույթների, այլ ոչ թե անձերի դեմ: Փետրվարյան իրադարձությունները պետք չէ կապել անձի հետ, եւ ես դատապարտել եմ ու դատապարտում եմ որոշակի մարդուն սեւացնելու փորձերը»: