Այս տարվա դեկտեմբերի 16-ին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) բազային տոկոսային դրույքաչափը հասցրել է 0.25-0.5%-ի մակարդակի: Մինչ այդ, յոթ տարի շարունակ բազային դրույքաչափն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենացածր մակարդակի էր՝ 0-0.25%: Թվում է՝ չնչին բարձրացում է, ընդ որում՝ մեկ երկրի շրջանակում: Իրականում դրան սպասում էին ամբողջ աշխարհում:
Նախ նշենք, թե ինչպես է մեծանում դոլարի զանգվածը: «Տպագրական սարքի» սխեման հետեւյալն է: ԱՄՆ կառավարությունը՝ ի դեմս գանձապետարանի, պետական պարտատոմսեր է թողարկում, ԴՊՀ-ն փող է տպում եւ գանձապետարանից պարտատոմսեր գնում:
Ձեռք բերած դոլարները գանձապետարանն ուղղում է դաշնային բյուջե՝ երկրի տնտեսությանն աջակցելու համար: Սակայն աշխարհի մյուս երկրներում դոլարն ավելի շատ է, քան հենց ԱՄՆ-ում: Ամերիկյան պարտատոմսերի բարձր լիկվիդայնությունն ու փոքր ռիսկը դրանք բացական գրավիչ են դարձնում օտարերկրյա ներդրողների համար: Այդ պատճառով մեծ չափով դոլար ունեցողներն (այդ թվում՝ Ռուսաստանը) այս արտարժույթը ներդնում են հենց ԱՄՆ պետական պարտատոմսերում: Ինչ-որ առումով փակ շրջան է ստացվում:
Բազային դրույքաչափի բարձրացումն ամրապնդում է դոլարի համաշխարհային դիրքերը, ինչը հանգեցնում է ազգային այլ արժույթների թուլացման՝ այդ երկրների տնտեսությունների համար բացասական բոլոր հետեւանքներով: Թույլ արժույթը, իհարկե, խթանում է արտահանումը: Սակայն թանկանում է ներկրումը, ինչպես նաեւ արտերկրյա ընկերություններին եւ առեւտրային բանկերին պարտքային պարտավորությունները: Ներկայում այդպիսի ճգնաժամային իրավիճակում է Ռուսաստանի տնտեսությունը՝ թուլացող ռուբլով:
Սակայն մեր հյուսիսային հարեւանի, ինչպես նաեւ մեզ համար միայն բազային դրույքաչափով դժվարությունները չեն սահմանափակվում: ԴՊՀ-ի որոշումը, հատկապես՝ հետագայում բազային դրույքաչափի ավելացման մասին հայտարարությունը, հանգեցրեց նավթի համաշխային գների անկման, որը Ռուսաստանի արտահանման հիմնական ապրանքներից է: Նավթից բացի, սպասվում է նաեւ գազի եւ մետաղների գների անկում (մետաղներն էլ Հայաստանի արտահանման առաջատարն են):
Բայց այսքանով նավթի մասին «վատ» լուրերը չեն սահմանափակվում: Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի նիստում քննարկվելու է նավթի արտահանման կեսդարյա էմբարգոն չեղարկելու հնարավորության հարցը: Կարելի է ակնկալել, որ դա նավթի համաշխարհային գների անկման լրացուցիչ գործոն կդառնա:




























