ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 17-ին հաստատել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»  ՓԲԸ եւ «Կրեդիտ Սվիս» վարկային կազմակերպության Լոնդոնի մասնաճյուղի միջեւ վարկային ծրագիրը։

Ծրագրի համաձայն՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն 135 մլն դոլար վարկ է ստացել, որից 52 մլն դոլարը կուղղվի նախորդ վարկերի մարմանը։ Մնացած գումարով ներդրումներ են արվելու։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի քաղավիացիայի Գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատրաստ է քննարկել օդանավակայանի ծառայությունների սակագների նվազեցման հարցը։ Սակայն, Մովսիսյանի կարծիքով, սակագները վերանայելու անհրաժեշտություն չկա։

«Ո՞վ է ասում, որ սակագները  բարձր են։ Կուզենայի, որ սիրողական մակարդակի այդ շաբլոն խոսակցությունները դադարեն։ Օդանավակայանում հաշվարկներ են արվել, որոնք հրապարակվել են, սակայն ոչ ոք չի ուզում նրանց մասին հիշել։ Բոլորը նախընտրում են խոսել բարձր սակագներից»,- ասել է նա։

Պաշտոնյան  կոչ է արել զուգահեռներ չանցկացնել Վրաստանի օդանավակայանի հետ եւ նշել նրանց էժան սակագներն ու տոմսերը։ «Նայե՛ք սակագները, համեմատե՛ք եւ համոզվե՛ք։ Հայաստանում ավիավառելիքը երբեք Վրաստանից էժան չի եղել եւ չի լինի։ Այն ներկրվում է Սեւ ծովով, եւ Հայաստան  հասցնելու համար ավելի շատ գումար է անհրաժեշտ»։