Ճանապարհային կարգավորումը չպետք է վնասի լեռնահանքային բիզնեսին։ Այս մասին դեկտեմբերի 17-ին ՀՀ խորհրդարանում «Ավտոմեքենային ճանապարհների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Օրինագիծն առաջարկում է արգելել ավելի քան 40 տոննա ընդհանուր քաշով մեքենաների երթեւեկությունը։

Տրանսպորտի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը նշել է, որ հիմնական մտահոգությունները կապված են հենց ներքին, այլ ոչ թե միջազգային փոխադրումների հետ։ Միջազգային փոխադրողները հետեւում են մեքենաների ծանրաբեռնվածությանը, քանի որ առաջի հերթին քաշը պետք է համընկնի մաքսային հայտարարագրին։

Մելքումյանն իր հերթին նշեց, որ քանի դեռ սահմանափակումը չի գործում, լեռնահանքային կոմբինատները կարող են գերբեռնել մեքենաները։ Իսկ հիմա, պայմանականորեն ասած, մի մեքենայի բեռը պետք է բաժանել երկուսի վրա։

«Իսկ մեր լեռնահանքային հաստատություններն առանց այդ էլ գրեթե զրոյական եկամուտ ունեն»,- ասել է Մելքումյանը եւ հիշեցրել, որ տարեկան Հայաստանում արդյունահանվում է մոտ 2.5 մլն տոննա հանքանյութ։ «Ճանապարհներին հետեւել պետք է, եւ այստեղ օրինագծի տրամաբանությունը պարզ է։ Միաժամանակ պետք է հասկանանք, եթե փոխադրումների համար լրացուցիչ ծախսեր անհրաժեշտ լինեն, չի վնասի արդյոք դա բիզնեսին»,- ասել է նա։