Հայաստանի տրանսպորտի նախարարությունը դրամաշնորհային միջոցներ է փնտրում հանրապետության ճանապարհներին բեռնատարների վերահսկման նպատակով ճանապարհային մեծ կշեռքներ տեղադրելու համար: Այդ մասին դեկտեմբերի 17-ին խորհրդարանում ասել է հանրապետության տրանսպորտի եւ կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը` ներկայացնելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Օրինագիծն առաջարկում է արգելել . 40 տ-ից բարձր ընդհանուր քաշ ունեցող եւ 11,5 տ-ից ավելի առանցքային բեռ ունեցող մեքենաների անցումը: Առաքելյանի խոսքով, այդ սահմանափակումներին հետեւելու համար բանակցություններ են վարվում կշեռքների գնման վերաբերյալ` ստացիոնար (ճանապարհային պաստառի տակ) կամ էլ տեղափոխելի: Կախված տեսակից եւ կոնկրետ նմուշից, կշեռքի արժեքը կարող է տատանվել 25-ից 250 հազար դոլարի սահմաններում:



























