Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը պնդում է, որ Բրյուսելն իրականացնի Եվրամիության բարեփոխման իր բոլոր պահանջները: Այս մասին նա լրագրողներին ասել է Բելգիայի մայրաքաղաքւմ կայացած ԵՄ երկօրյա գագաթնաժողովի:

«Ես ուզում եմ իրական պրոգրես տեսնել բոլոր այն 4 ոլորտներում, որոնց անդրադարձել եմ իմ ներկայացրած պահանջներում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա:

Քեմերոնի խոսքով՝ Լոնդոնը չի ձգտում համաձայնության հասնել հենց այս գագաթնաժողովում, սակայն ուզում է տեսնել հանգամանալից քննարկում, որը կբերի հետագայում համաձայնագրի ստորագրման:

Բրիտանական հարցը գագաթնաժողովի օրակարգում երկրորդն է միգրացիայից հետո: Առաջնորդները պետք է քննարկեն Քեմերոնի պահանջները, որոնց իրականացման դեպքում Բրիտանիայի կառավարությունը խորհուրդ կտա քվեարկել 2017թ. հանրաքվեում՝ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամությունը պահպանելու օգտին:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ աշխատանքային ընթրիքի ընթացքում այդ հարցը կքննարկվի, միաժամանակ նկատել է, որ շատ հարցերում իրենք դեռ հեռու են համաձայնության գալուց, քանի որ խաղադրույքները շատ բարձր են: