Կառավարության նիստում պետք է քննարկվի վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ կառավարության մյուս անդամների հրաժարականի հարցը, ոչ թե նրանց՝ էկոնոմ դասով գործուղման մեկնելու հարցը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հերթական քաղաքացիական հավաքի ժամանակ հայտարարեց «Ոտքի Հայաստան» փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
«Շատ վատ անցավ այսօրվա կառավարության նիստը: Օրակարգում պիտի լիներ Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը, բայց մարդիկ որոշել են եղանակներ փոխել այդ կառավարությունը փրկելու համար: Եթե մարդիկ կարծում են, որ տոմսերի վրա խնայելով կարող են Հովիկ Աբրահամյանի կառավարությունը փրկել, չարաչար սխալվում են»,-ասաց նա:
Անդրադառնալով Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, թե միայն Ազգային անվտանգության խորհրդի անդամների համար են բացառություններ արվելու՝ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ ԱԱԾ-ն, ըստ էության, իր գործառույթը չի իրականացնում, եւ պետք է օժտված չլինի որեւէ արտոնությամբ:
«Ազգային անվտանգության ծառայություն ունենք, որը, ըստ էության, կաշկանդված չէ երկրի սահմանադրությամբ մեզ տրված իրավունքով, երբ ուզում են, ոնց ուզում են մեր անձնական տեղեկությունները իրենց հասանելի է, այսինքն բան չունենք գաղտնի այս ռեժիմից, ու մեզ զրպարտում են, զրպարտում են քաղաքական գործիչներին, կեղծ շինծու տեղեկություններ են տարածում»,-ասաց «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամը:
Անդրիաս Ղուկասյանը հավելեց, որ իրենք փողոց են դուրս եկել, քանի որ իրենց առաջարկները բազմիցս մերժած իշխանությունների հետ բանակցելու որեւէ ցանկություն չունեն այլեւս:
«Մենք որոշել ենք, որ ձեզ պետք է ոչնչացնել, մենք սպառել ենք ձեզ հետո որպես իշխանություն շփվելու ցանկությունը, մենք չենք բանակցելու, մենք հեռացնելու ենք այս ռեժիմը, Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալու ու բանտ է նստելու, սա ցանկություն չէ սա քաղաքական անհրաժեշտություն է»,-ասաց Անդիրաս Ղուկասյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը մտադիր է պաշտոնյաների գործուղումների ավիատոմսերի պատվիրման կենտրոնացված համակարգ կիրառել, ըստ որի՝ պետական գերատեսչությունների բոլոր աշխատակիցները գործուղման են մեկնելու էկոնոմ դասով, ընդ որում, նրանց համար գնելու են ամենաէժան տոմսերը։ Նախարարները, գերատեսչության ղեկավարները նույնպես թռչելու են էկոնոմ դասով, բացառությամբ այն դեպքերի, երբ չվերթի տեւողությունը գերազանցում է 8 ժամը։ Եվ միայն Ազգային անվտանգության խորհրդի անդամների համար բացառություններ են արվելու: Ինչպես հայտնել է Դավիթ Հարությունյանը, եթե պաշտոնյաները որոշեն ավելի բարձր դասի տոմսեր գնել, այդ ծախսերը պետբյուջեից չեն փոխհատուցվելու:




























