Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից եւ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից պահանջում է ներողություն խնդրել իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար:

Այս պահանջով Արգիշտի Կիվիրյանը հայցադիմում է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, գործով դատական նիստին Կիվիրյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը ներկայացրեց հայցադիմումը:

«Երկու պատասխանողները հայցվորի հասցեին հնչեցրել են «սադրիչ եւ խառնակիչ»  արտահայտությունները, ինչը վիրավորանք է: Նույն մարդիկ լրագրողների հետ զրույցում ասել են. «Կիվիրյանները դիվիդենտներ են շահում, խառնեցին, խառնեցին, ձեր մեջ էլ գցեցին տարակուսանք», ինչը մենք համարում ենք զրպարտանք: Պահանջում ենք հրապարակայնորեն ներողություն խնդրել ու հերքել»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ կատակելով, որ չեն էլ պարզաբանել, թե որտեղ են դիվիդենտները, որ իրենք ստանան:

Պատասխանողները դատարանում չէին, դատարանում նրանց ներկայացնում էր Արմեն Սիմոնյանը, որն ասաց, որ իր վստահորդների կողմից դիտավորություն չի եղել հայցվորին վիրավորելու, նրա պատիվը, արժանապատվությունը նվաստացնելու:

Արգիշտի Կիվիրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչեւ վերջ պայքարելու է՝ արդարության հասնելու համար:

Հիշեցնենք, որ ոստիկանապետը նման բան էր ասել հունիսի 29-ին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրուցելիս: