ՆԱՏՕ-ն կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է Ուկրաինայում ռուսական զորքերի ներկայությունը: Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ռուսաստանի նախագահն այսօր անձամբ խոստովանեց, որ Ուկրաինայի արեւելքում որոշակի անձնակազմ կա, որը նաեւ ռազմական հարցեր է լուծում: Մենք այդպիսի մարդկանց «զինվորական» ենք կոչում»,- ասել է Ստոլտենբերգը:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն վստահ է Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի ռազմական ներկայության պահպանման հարցում: «Այդ պատճառով Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է կրում Մինսկի համաձայնությունների կատարման եւ ծանր տեխնիկան դուրսբերման հարցում»,- Դաշինքի հայտնի դիրքորոշումն է կրկնել կառույցի գլխավոր քարտուղարը:
Այսօր կայացած ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը խոսել է Դոնբասի իրավիճակի մասին՝ Ռուսաստանի դերի համատեքստում: «Մենք երբեք չենք ասել, որ չկան մարդիկ, որոնք զբաղվում են որոշակի հարցերի լուծմամբ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, բայց դա չի նշանակում, որ այնտեղ կանոնավոր ռուսական զորք կա: Զգացեք տարբերությունը», ընդգծել է Ռուսաստանի նախագահը:




























