Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը կկանգնի ֆրանսիական դատարանի առջեւ: Ըստ Reuters-ի, Լագարդն անցնում է, այսպես կոչված, «Տապիի գործով»:
Ֆրանսիացի հայտնի գործարար եւ քաղաքական գործիչ Բեռնար Տապիի գործը, որը կապված է դեռեւս 1990-ական թվականներին Adidas ընկերության վաճառքի հետ, շարունակում է թափ հավաքել: Գործարարը պնդում է, որ պետական Credit Lyonnais բանկը վնաս է հասցրել իրեն, որը հայտնի ընկերության վաճառքի ժամանակ որպես միջնորդ է հանդես եկել:
Ըստ RG-ի, 2008 թվականին Տապին հասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարության կողմից 400 մլն եվրոյի չափով փոխհատուցման վճարման. նախարարությունն այդ ժամանակ գլխավորել է Քրիստին Լագարդը: Սակայն դա հասարակության վրդովմունքն է առաջացրել, ինչի արդյունքում դատական քաշքշուքը շարունակվել է: Հիմա ֆրանսիական կառավարությունը Տապիից պահանջում է վերադարձնել վճարված գումարի մի մասը, մասնավորապես՝ 285 մլն եվրո:
Փարիզի Վերաքննիչ դատարանը պետության պահանջն արդարացի է ճանաչել: Սակայն դրանով դատավարությունը չի ավարտվել: Քրիստին Լագարդը գործի մասնակից է դարձել 2014 թվականին: Հիմա նա պետք է դատարան ներկայանա՝ ցուցմունք տալու:
Միաժամանակ, ԱՄՀ տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ դատարանը Լագարդին չի խանգարի արդյունավետորեն կատարել իր պարտականությունները:




























