Գործարար եւ քաղաքական գործիչ Դոնալդ Թրամփը, որը պայքարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածուն դառնալու համար, մեծ պատիվ է համարել իր մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքը: Այս մասին գրել է վաշինգթոնյան The Hill թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թրամփն այդ մասին հայտարարել է Օհայո նահանգի Կոլամբուս քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ: «Միշտ էլ մեծ պատիվ է նման հաճելի կոմպլիմենտ լսել մի մարդուց, որը այդքան մեծ հարգանք է վայելում սեփական երկրում եւ դրա սահմաններից դուրս»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Մոսկվայում մամուլի մեծ ասուլիսից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին հայտնել էր, որ ողջունում է Թրամփի հայտարարությունը՝ իր ընտրվելու դեպքում ՌԴ-ի հետ ավելի սերտ համագործակցելու մտադրության մասին:
«Նրա (Թարմփի) արժանիքները որոշելը մեր գործը չէ, բայց նա նախագահական մրցավազքի բացարձակ առաջատարն է: Նա ասում է, որ ցանկանում է անցնել Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների մակարդակի: Ինչպե՞ս մենք կարող ենք չողջունել դա, իհարկե, ողջունում ենք»,-ասել էր Պուտինը:




























