Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով նախաքննական մարմինը փորձում է ապօրինի ապացույցներ ձեռք բերել մեղադրյալ Արա Բուդաղյանի դեմ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: 

«Արա Բուդաղյանին մեղադրանք են առաջադրել առանց փաստական հիմքերի: Այժմ նոր, մտահոգիչ միտումներ կան գործում, փորձ է արվում կիրառվել կեխտոտ տեխնոլոգիա: Մեղադրյալներից մեկին ստիպում են իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ Բուդաղյանի դեմ, ինչի դիմաց խոստացել են ազատ արձակել նրան: Խոստացել են դատաբժշկական  փորձաքննության եզրակացություն տալ, որ չի կարող կալանքի տակ մնալ և կազատվի կալանքից»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ խոսքը մեղադրյալներից Գարեն Աթաջանյանի մասին է:

Հայկ Ալումյանի խոսքով՝ եթե այդ մեղադրյալն իսկապես առողջական այնպիսի խնդիրներ ուներ, որոնց պարագայում չէր կարող մնալ կալանքի տակ, ապա ինչու են նրան ուզում ազատ արձակել նախքան ցուցմունք տալը. «Ամեն ինչ շատ ակնհայտ է, առեւտուր է գնում: Մարդուն շանտաժ են անում, պայման են դնում, որ կամ ցուցունք կտաս ու դուրս կգաս, կամ, եթե ցուցունք չես տա, կմնաս այնքան ժամանակ, քանի դեռ դիրքորոշումդ չես փոխել»:

Փաստաբանը նշեց, որ այդ ամենը նախաքննական մարմինը կփորձի անել տոնական օրերին: Նա ասաց նաեւ, որ իրականում ոչ թե մահափորձ է եղել, այլ մահափորձի նմանակում ու թեեւ հիմքեր կան ստուգելու, բայց այդ ուղղությամբ քննություն չի ընթանում:

Նշենք, որ Արա Բուդաղյանը Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիքի ու վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել, ապա կալանավորվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: