Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի Ռադայում երկրի բյուջեի քննարկումից հետո զգուշացրել է Ուկրաինայի վարկավորումը դադարեցնելու հնարավորության մասին, տեղեկացնում է Channel News Asia-ն` վկայակոչելով ԱՄՀ տնօրեն-կարգադրիչի առաջին տեղակալ Դեւիդ Լիպտոնին:
«Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մտահոգություն է հայտնում առ այն, որ Ուկրաինայի խորհրդարանում նախօրեի բանավեճը փաստացիորեն մերժում է երկրում հարկային բարեփոխման առաջարկը եւ զգուշացնում վարկավորման ծրագրի դադարեցման վտանգի մասին, եթե անհրաժեշտ բարեփոխումների եւ բյուջեի ընդունումը ձախողվի», — ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Gazeta-ն:
Ուկրաինայի Գերագույն ռադան ծրագրել էր արդեն դեկտեմբերի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունել հարկային նոր բարեփոխման նախագիծը եւ դրա հիման վրա մշակված բյուջեի նախագիծը: Սակայն նախարարների խորհրդի առաջարկած փաստաթղթերի փաթեթը բազմաթիվ առարկություններ է առաջ բերել ինչպես իշխող դաշինքի ներսում, այնպես էլ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների շրջանում: Արդյունքում պատգամավորները որոշել են կառավարության անդամների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել 2016-ի պետական բյուջեի նախագծի եւ հարկային բարեփոխման նախագծի լրամշակման եւ համաձայնեցման համար:
«Բյուջեի դեֆիցիտը մինչեւ ՀՆԱ-ի 3,7 տոկոս իջեցնելու ծրագրին համապատասխանող բյուջեի հաստատումը առանցքային պայման է ֆինանսական աջակցության հատկացման ծրագրի երկրորդ վերանայման ավարտի համար: Միաժամանակ ոչ պակաս կարեւոր է, որպեսզի բյուջեն ամրապնդվի կառուցվածքային բարեփոխումներով` հարկային բազայի ընդլայնման եւ պետական ծախսերի կայուն օպտիմիզացիայի համար, որոնք եւս ծրագրի առանցքային նպատակներից են», — ասել է Լիպտոնը:
Նա նաեւ նշել է, որ 2016-ի ծրագրային նպատակներից եւ միջնաժամկետ հեռանկարից շեղվող բյուջեի հաստատումը կհանգեցնի ԱՄՀ ծրագրի ընդհատման եւ անխուսափելիորեն կխախտի դրա հետ կապված միջազգային ֆինանսավորումը:



























