Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 18-ին վավերացրել է Ասիական զարգացման բանկի վարկը՝ դպրոցների սեյսմակայունության բարձրացման համար: «Կողմ» է քվեարկել 63 պատգամավոր, «դեմ»՝ 12, ձեռնպահ են մնացել 8-ը, հայտնում է NEWS.am -ի խորհրդարանական թղթակիցը: Համաձայնագրին կողմ չի քվեարկել ընդդիմության մեծ մասը, որը նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի պարտքային բեռը չի կարելի ավելացնել:
Համաձայնագիրը, որը ստորագրվել էր հոկտեմբերի 19-ին, նախատեսում է նախագծի առաջին փուլի ֆինանսավորում՝ 107 մլն դոլարի չափով: Դրանից 18.5 մլն-ը կամ 17.5 տոկոսը կհատկացնի Կառավարությունը, իսկ մնացած 88.5 մլն-ը՝ Ասիական զարգացման բանկը՝ տարբեր արժույթներով: Վարկը հատկացվելու է 25 տարով՝ 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով՝ տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով:
Իսկ 15 տարվա ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտավորապես 617 մլն դոլար: Այդ գումարով կվերանորոգվեն կամ կկառուցվեն հանրապետությունում գործող 1400 դպրոցներից 377-ը: Այդ դպրոցներն ընտրվել են որպես առաջնահերթ՝ սեյսմիկ ռիսկերի տեսակետից: Ծրագրված աշխատանքների արդյունքում դրանք կկարողանան դիմանալ 9 բալ հզորության ստորգետնյա ցնցումներին:



























